ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ երրորդ նիստին տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել Լոռու մարզի Ահնիձոր գյուղում գտնվող՝ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի բնակելի տանը (XIX դ․ վերջ-XX դ․ սկիզբ)։
--
Տունը ունի հիշողություն։ Տունն ունի պատմություն։ Ահնիձորում Մաթևոսյանների տունը, որ վերջերս տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է ստացել, միայն փաստաթղթային որոշման չի, որ արժանացել է։ Օրերս լրատվամիջոցներից եկել էին Ահնիձոր՝ Մաթևոսյանական տան շեմքին նորից հպվելու, այնտեղ կանգնած լսելու «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն՝ Դավիթ Մաթևոսյանին, որ պատմեց արդեն արված աշխատանքների մասին, պատմեց տան- գաղափարի մասին, որը հիմա պիտի միավորի մարդկանց՝ գյուղը վերականգնելու, տունը կենդանացնելու, հիշողությունը գործի վերածելու։ Ավետիք ապանց տան հարակից գոմի մի կեսը Մաթևոսյաններինն էր, մյուս կեսը՝ գոմեշներինը։ Երբ փոքրիկ Հրանտը մի տարեկան էր, մոր՝ Արուսի աչքի առջև քիչ է մնում,որ օրորոցը գոմեշը տրորի։ Արուսն ապստամբում է` «Տուն ենք սարքում»։ Իհարկե, շատերի օժանդակությամբ, բայց տունը կառուցվում է բառացիորեն երկու մարդու՝ Արուսի և Իգնատի ձեռքերով։ Իգնատ Մաթևոսյանը միայն գյուղացի չէր, արհեստավոր՝ պրոֆեսիոնալ հյուսն, վարպետ պատշար։ Տան բոլոր փայտյա մանրամասները՝ առաստաղը` թավանը, սյուները, պատուհանների փեղկերը՝ ձեռքի նրա աշխատանքն են։ Անգամ գյուղի հին տները, ինչ-որ չափով նրա ձեռքով են կառուցվել։ Մաթևոսյաններինը սկզբում ընդամենը մի սենյակ էր, որն իր մեջ կրում էր «տան» ամբողջ իմաստը։ Հետագայում դրան կից ավելանում են երկու սենյակ, որոնց վերջինը՝ 1972-ին կառուցվածն էր։ Տունն իր ամբողջական տեսքին է գալիս 1970-71 թ-ին։ Իսկ 80-ականների վերջում Հրանտ Մաթևոսյանը, կրտսեր եղբոր հետ, արդեն համատեղ ջանքերով ձեռնամուխ է լինում վերականգնման աշխատանքներին։ Մեծ ջանքերի շնորհիվ տունը վերանորոգվում է այն տեսքով, ինչ մենք հիմա տեսնում ենք։ Տան գաղափարն այնքան հզոր էր, որ նրանից ծնվում է ոչ միայն տուն-թանգարանը, այլև «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը։ Այս հիմքի վրա հետագայում ձևավորվում է Երևանի Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնը, որը դեռևս լիարժեքորեն չի գործում, բայց արդեն իսկ գոյություն ունի որպես հնարավորությունների հարթակ։ Տան գաղափարը նաև այն առանցքն է, որի շուրջ այսօր ձևավորվում է Ահնիձորի՝ որպես մշակութային կենտրոնի կերպարը։ Տունն իր նշանակության իրական ազդեցություն է ձևավորում համայնքի համար։ Ահնիձորում բացված հյուրատունը, հասարակական նոր նախաձեռնությունները՝ «Մոտկորի զարգացման հիմնադրամ», «Ահնիձորի զարգացման հիմնադրամ», «Պախրա» ՀԿ, նպատակ ունեն համատեղ ուժերով նոր շունչ տալ տեղանքին, բոլորը ծնվել են այս գաղափարից։ «Պախրան», մասնավորապես, զբաղվում է բնապահպանական ծրագրերով, կենդանիների բազմացման ծրագրով։ Ահնիձորի այս հասարակական զարթոնքը կապվում է ոչ միայն մեկ գյուղի, այլ ամբողջ Մոտկոր աշխարհի վերածննդի տեսլականի հետ` Լոռվա այն հատվածի, որը հստակորեն ապրում է Հրանտ Մաթևոսյանի խոսքի մեջ և լոռեցու հիշողության ներսում։ Այս պատմական-մշակութային ժառանգությունը պահպանելու համար անհրաժեշտ է, որ այս գյուղերը վերածնվեն։ Դրա համար մշակվել է մի համալիր մշակութային, սոցիալական-տնտեսական հայեցակարգ, որի խայծը , պայմանական ասած, հենց այս տուն-թանգարանն է։ Այն պետք է դառնա ոչ միայն հիշողության վայր, այլև գործող հանգույց, ինչպես Թումանյանի տուն-թանգարանն է Դսեղում, որը որքան էլ հաջող կամ անհաջող, Դսեղի վերածննդի խթանն է այսօր։ Լոռվա այս գյուղերը կանգնած են նույն սպառնալիքի առաջ՝ մարդկանց, անտառների, կենդանիների, ողջ կերպարի կորստի վտանգի առաջ։ Եվ պատմական-մշակութային ժառանգությունը պահելու համար պետք է այս գյուղերը վերածնվեն։ «Տան» գաղափարով համայնքի վերածնության մշակութային , սոցիալական-տնտեսական հայեցակարգ կա։ Իսկ դրա խայծը , պայմանականորեն ասած, Մաթևոսյանների տուն թանգարանը պիտի լինի։ Պիտի դառնա այս աշխարհի փրկօղակը։ Որովհետև, ինչպես նշում է Դավիթ Մաթևոսյանը, փրկօղակը մեր մշակութային ինքնությունն է։ Ու մեր մշակութային ինքնության առհավատչյան՝ գոյը ապացուցողը, Մաթևոսյանների տուն-թանգարանը պիտի դառնա։
