ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ
Հրանտ Մաթևոսյան

Հրանտ Մաթևոսյան

մշակութային կենտրոն–թանգարանի պատմությունը

Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն–թանգարանի ստեղծման գաղափարը ձևավորվել է 2003–2005 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի մշակույթի նախարարության և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ՝ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Կենտրոնը հիմնվել է որպես Հրանտ Մաթևոսյանի ժառանգության պահպանման, ուսումնասիրության, հանրայնացման և շարունակական ներկայացման տարածք։ Թեև Մաթևոսյան Կենտրոնի շենքը դեռ անավարտ է (բացակայում է երրոդ հարկը), կենտրոնի գաղափարը վաղուց ապրում է մշակութային կյանքում՝ բեմադրությունների, ցուցադրությունների, կրթական ծրագրերի, դպրոցական այցելությունների, հանրային քննարկումների և արվեստի տարբեր ձևերի միջոցով։

Կենտրոնի առաքելությունն է մշակույթի միջոցով նպաստել կրթությանը, մտածողության զարգացմանը և հանրային երկխոսությանը։ Այն ձևավորվում է որպես կրթություն, մշակույթ և մտածողություն միավորող հաստատություն, որտեղ Հրանտ Մաթևոսյանի խոսքը ներկայանում է նոր սերունդներին:

Կենտրոնի ծրագրերում առանձնահատուկ տեղ ունի կապը Ահնիձորի՝ Հրանտ Մաթևոսյանի փոքր հայրենիքի հետ, որտեղ ձևավորվում է գրողի տուն-թանգարանի հեռանկարը։ Երևանի կենտրոնի և Ահնիձորի միջև մշակութային կամուրջ ստեղծելու գաղափարը կենտրոնի կարևոր ուղղություններից է՝ գրողի աշխարհը բացահայտելու նրա ակունքներով, բնաշխարհով և կենդանի հիշողությամբ։

Կենտրոնի տեսլականի հիմքում Հրանտ Մաթևոսյանի միտքն է. «Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, հայրենիքները նվաճվում են ամեն օր»։ Այս մոտեցմամբ մշակույթը դառնում է ամենօրյա աշխատանք, իսկ կրթությունը՝ մարդու ինքնաճանաչման և աշխարհաճանաչման ճանապարհ։

2025 թվականին՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակի միջոցառումների շրջանակում, կենտրոնի գործունեության խորագիրը դարձավ գրողի խոսքը՝ «Ես տեր եմ իմ ժամանակին»։ Այդ խոսքը կենտրոնի համար պատասխանատվության բանաձև է՝ սեփական ժամանակի, մշակույթի, երկրի և ապագայի հանդեպ։

Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն–թանգարանի պատմությունը սկսվել է գրողի ժառանգությունը պահպանելու գաղափարից և այսօր շարունակվում է որպես մտքի տուն՝ կրթության, արվեստի, գրականության և հանրային մտածողության հանդիպման վայր, մշակութային հաստատություն՝ ինստիտուտ։

Մտքի տուն։ Կրթություն՝ մշակույթով։

Կենտրոնի գործունեության նշանակալի դրսևորումներից է Հովհաննես Թումանյանի թանգարանի ժամանակավոր հյուրընկալումը։ Թանգարանի (հայտարարված և չիրականացված) հիմնանորոգման ընթացքում արդեն երեք տարի է՝ նրա ծրագրերը, այցելությունները և կրթական նախաձեռնությունները շարունակվում են Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն–թանգարանում։ Այս համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանման և երկու մեծ գրողների անուններով ձևավորվող կենդանի երկխոսության կարևոր օրինակ է։